Արևի և Լուսնի մասին առասպելները

  • Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց: Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում: Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

 

  • Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

  • Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղբայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։

Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s